Կենսաբանություն – բջիջ

Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։

Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝ բակտերիաները, որոշ ջրիմուռներ ու սնկեր, նախակենդանիները) կազմված են 1 բջջից և անվանվում են միաբջիջ օրգանիզմներ։ Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում։ Օրինակ՝ մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1012 բջիջներից։ Վերջիններիս կենսագործունեությունը հնարավոր է էներգիայի արտաքին աղբյուրների և քիմիական նյութերի օգտագործման շնորհիվ, որն անհրաժեշտ է բարդ կազմավորված ու փոխադարձ կապված բջջային կառուցվածքների սինթեզի և վերականգման, ինչպես նաև մասնագիտացված ֆունկցիաների կատարման համար։ Բույսերի և կենդանիների բջիջների մեծ մասը տեսանելի են միայն մանրադիտակի տակ և ունեն 1-100 միկրոմետր չափեր։

Բջիջները մանրադիտակային գոյացություններ են, ունեն մի քանի միկրոնից (բակտերիաներ) մինչև 10-50 մկմ և ավելի մեծություն։ Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն։ Բջիջների նուրբ կառուցվածքը, շարժումները, բաժանումը և այլն ուսումնասիրում են ժամանակակից մանրադիտակների օգնությամբ։

Բազմաբջիջ օրգանիզմում կան բազմաթիվ բջիջներ, որոնք միմյանցից տարբերվում են կառուցվածքով և կենսագործունեությամբ։ Միևնույն ծագման մասնագիտացված բջիջներն առաջացնում են հյուսվածքներ։ Ժամանակակից դասակարգմամբ բջիջները բաժանում են ըստ հյուսվածքի տեսակի՝ էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։ Բջիջները, պահպանելով յուրաքանչյուր հյուսվածքի բնորոշ գծերը, կարող են տարբերվել թե՛ արտաքին տեսքով, թե’ ֆունկցիայով, և տարբերությունների բնույթը փոփոխվում է օրգանիզմի անհատական զարգացման ընթացքում։ Ֆունկցիոնալ առանձնահատկությունների ձեռքբերման կարևոր գործոն է նաև բջջի փոխներգործությունը (նյարդային կամ հումորալ կապով) այլ հյուսվածքների բջիջների կամ հեռավոր բջջային համակարգերի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *