Ընտանեկան իրավունք – հասարակագիտություն

ԱՊՐԻԼ 24-28

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ / ԳԼՈՒԽ 10, 11/

Առաջադրանք՝

  • Երեխայի իրավունքները:

Հոդված 41. Ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու երեխայի իրավունքը
1. Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

2. Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին:

Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, իր շահերի ապահովության, համակողմանի զարգացման, իր մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք:

Ծնողների բացակայության, նրանց ծնողական իրավունքներից զրկված լինելու և ծնողական հոգատարությունից զրկվելու այլ դեպքերում ընտանիքում դաստիարակվելու երեխայի իրավունքն ապահովում է խնամակալության և հոգաբարձության մարմինը` սույն օրենսգրքի 17-րդ գլխի նորմերով սահմանված կարգով:

Հոդված 42. Ծնողների և այլ ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը
1. Երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն սահմանափակում երեխայի իրավունքները:

Ծնողներից առանձին (այդ թվում` տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք ունի, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: 

2. Արտակարգ իրադրության մեջ գտնվող (ձերբակալված, կալանավորված, բժշկական կազմակերպությունում գտնվելու և այլ դեպքերում) երեխան իր ծնողների և մերձավոր ազգականների, ինչպես նաև արտակարգ իրադրության մեջ գտնվող ծնողն իր երեխայի հետ շփվելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 43. Երեխայի պաշտպանության իրավունքը
1. Երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են ծնողները (օրինական ներկայացուցիչները), իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խնամակալության և հոգաբարձության մարմինը:

Օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված անչափահասն իր իրավունքները (ընդ որում` պաշտպանության իրավունքը) և պարտականությունները ինքնուրույն իրականացնելու իրավունք ունի:

2. Երեխան ունի իր ծնողների (օրինական ներկայացուցիչների) չարաշահումներից պաշտպանվելու իրավունք:

Երեխայի իրավունքների և շահերի խախտման դեպքում (ընդ որում` ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխային դաստիարակելու, կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծնողական իրավունքները չարաշահելու դեպքերում), երեխան իրավունք ունի պաշտպանության համար ինքնուրույն դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին:

3. Պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին: Նման տեղեկություններ ստանալուն պես խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ:

Հոդված 44. Սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը
1. Երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում:

1.1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը օրենքով նախատեսված դեպքերում ներգրավում է մանկական հոգեբանի կամ մանկավարժի կամ սոցիալական աշխատողի:

2. Տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տասը տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ:

Հոդված 45. Երեխայի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունքը
1. Երեխան ունի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունք:

2. Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանուն տրվում է հոր անունով` սույն օրենսգրքով նախատեսված կարգով:

3. Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով: Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը:

4. Ծնողների միջև երեխայի անվան, ազգանվան վերաբերյալ համաձայնության բացակայության հետևանքով առաջացած տարաձայնությունները լուծում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:

5. Եթե երեխայի հայրությունը չի որոշվել, ապա նրան անուն է տրվում մոր ցուցումով, հայրանուն` որպես երեխայի հայր գրառված անձի անունով, ազգանուն` մոր ազգանունով:

Հոդված 46. Երեխայի անունը և ազգանունը փոխելը
1. Մինչև երեխայի 16 տարին լրանալը նրա ծնողների համատեղ, իսկ ծնողներից մեկի մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքներից զրկված լինելու մասին դատարանի վճռի առկայության դեպքում ծնողներից մեկի դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմինը փոխում է երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը մյուս ծնողի ազգանունով: Մինչև 18 տարին լրացած երեխայի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Եթե երեխայի անվան կամ ազգանվան փոխման վերաբերյալ բացակայում է ծնողների համատեղ համաձայնությունը, ապա ծնողի դիմումի հիման վրա երեխայի անվան կամ ազգանվան փոխումը կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությամբ: Խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությունն անհրաժեշտ է նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ պարզել մյուս ծնողի բնակության վայրը:

3. 10 տարին լրացած երեխայի անվան կամ ազգանվան փոխումը կարող է կատարվել երեխայի համաձայնությամբ:

Հոդված 47. Երեխայի գույքային իրավունքները
1. Երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի սույն օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով ու չափերով:

2. Երեխաներին ալիմենտ վճարելու պարտավոր ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել վճարման ենթակա ալիմենտի գումարի հիսուն տոկոսից ոչ ավելին բանկերում երեխաների անունով բացված հաշվին փոխանցելու մասին:

3. Սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տնօրինելու երեխայի իրավունքը սահմանվում է քաղաքացիական օրենսդրությամբ:

Ծնողների կողմից երեխայի գույքը կառավարելու լիազորություններն իրականացնելիս նրանց վրա տարածվում են խնամակալի գույքի տնօրինման վերաբերյալ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված նորմերը:

4. Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ: Համատեղ ապրող երեխաներն ու ծնողները կարող են մեկը մյուսի գույքը տիրապետել և օգտագործել փոխադարձ համաձայնությամբ:

5. Ծնողների և զավակների` ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու կարգն ու պայմանները սահմանվում են քաղաքացիական օրենսդրությամբ:

Հոդված 48. Երեխայի այլ իրավունքներ
Երեխան ունի օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

  • Ծնողների իրավունքները և պարտականությունները:

Հոդված 49. Ծնողների իրավունքների ու պարտականությունների հավասարությունը
1. Ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

2. Սույն գլխով նախատեսված ծնողական իրավունքները դադարում են երեխաների տասնութ տարեկանը լրանալով, ինչպես նաև սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *