ՄԱՅԻՍ 15-19
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ. ԸՆԴՈՒՆՎԱԾ 1996Թ.
Գլուխ 2
ՄԱՐԴՈՒ (ՊԱՑԻԵՆՏԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Առաջադրանք՝
- Առանձնացնել մարդու/պացիենտի/բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները:
Հոդված 13. | Բժշկական օգնության և սպասարկման իրավունքը |
1. Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու անվճար կամ արտոնյալ պայմաններով` առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում:
3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն և սպասարկում ստանալու բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:
4. Այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
Հոդված 14. | Մարդու (պացիենտի) իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս |
1. Յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի`
1) ընտրելու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին և բուժաշխատողին.
2) բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս արժանանալու հոգատար, անխտրական և հարգալից վերաբերմունքի.
3) հրաժարվելու բժշկական օգնություն և սպասարկում ստանալուց, բացի սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերից.
4) բժշկական օգնություն և սպասարկում ստանալու` օրենսդրությանը համապատասխան.
5) իմանալու իրեն բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բուժաշխատողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը.
6) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս ունենալու այցելուներ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի և լիազոր մարմնի սահմանած կարգերին համապատասխան: Սույն իրավունքը կարող է սահմանափակվել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության նկատառումներով` լիազոր մարմնի սահմանած դեպքերում.
7) բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս ցավի գնահատման և դրա համարժեք կառավարման.
8) սույն օրենքով սահմանված կարգով իրազեկ լինելու իր հիվանդությանը և համաձայնություն տալու բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար.
9) ստանալու ամբողջական տեղեկատվություն բժշկական օգնության և սպասարկման ծավալների, դրանց համար սահմանված վճարների չափի, վճարման կարգի վերաբերյալ.i
10) ծանոթանալու իր բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթերին կամ ստանալու դրանց պատճենները «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված կարգով.
11) հրաժարվելու իր առողջական վիճակի, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալուց.
12) սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված իրավունքից օգտվելու դեպքում լիազորելու իր փոխարեն օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին տեղեկատվություն ստանալու.
13) ստանալու իր առողջական վիճակի, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն.
14) իր առողջական վիճակի կամ տրամադրվող կամ առաջարկվող բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ իր միջոցների հաշվին ստանալու մասնագիտական երկրորդ կամ իր նախընտրած թվով այլ կարծիք.
15) դիմելու սույն օրենքով նախատեսված էթիկայի հանձնաժողով` իր կարծիքով բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքերում.
16) իր առողջությանը հասցված վնասի դիմաց ստանալու փոխհատուցում` օրենքով սահմանված կարգով.
17) օգտվելու օրենքով չսահմանափակված այլ իրավունքներից:
Հոդված 15. | Առողջական վիճակի մասին, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալու մարդու (պացիենտի) իրավունքը |
1. Յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի մատչելի ձևով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ:
2. Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի, երեխայի (պացիենտի) վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են նրան, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները.
1) եթե բժշկի կարծիքով օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձը, երեխան ի վիճակի են գնահատել իրենց առողջական վիճակը.
2) այդ տեղեկությունները չեն վնասի օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին, երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.
3) օրինական ներկայացուցիչները չեն առարկում այդ տեղեկությունները տրամադրելուն:
3. Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի, երեխայի (պացիենտի) վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները միաժամանակ տրամադրվում են նրա օրինական ներկայացուցչին կամ վերջինիս բացակայության դեպքում` նրա լիազորած կոնտակտային անձին, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների բացակայության դեպքում` միայն օրինական ներկայացուցչին կամ վերջինիս բացակայության դեպքում` լիազորված կոնտակտային անձին:
Հոդված 17. | Մարդու վերարտադրողականության հետ կապված իրավունքները |
1. Մարդու վերարտադրողականության հետ կապված իրավունքները սահմանվում են «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով:
Հոդված 18. | Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու երեխայի իրավունքը |
1. Յուրաքանչյուր երեխա պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում իրավունք ունի ստանալու անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում:
2. 16 տարին լրացած երեխաները իրավունք ունեն տալու գրավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 19. | Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդու իրավունքը |
1. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն ունեցող մարդն իրավունք ունի անվճար ստանալու պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն և սպասարկում և բուժվելու այդ նպատակի համար նախատեսված համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում:
2. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 20. | Օրենքով սահմանված կարգով ազատությունից զրկված, ինչպես նաև ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները |
1. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ազատությունից զրկված, ձերբակալված և կալանավորված, ինչպես նաև ազատազրկման վայրերում պատիժ կրող անձինք իրավունք ունեն ստանալու բժշկական օգնություն և սպասարկում` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 21. | Զինծառայողների և զորակոչային ու նախազորակոչային տարիքի քաղաքացիների բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը |
1. Զինծառայողները և զորակոչային ու նախազորակոչային տարիքի քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու բժշկական օգնություն և սպասարկում` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 23. | Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները |
1. Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ստանալու բժշկական օգնություն և սպասարկում` օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
Հոդված 24. | Բժշկական օգնության և սպասարկման իրականացումն առանց մարդու համաձայնության |
1. Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում իրականացվում են`
1) մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում` Կառավարության սահմանած կարգով.
2) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 25. | Բժշկական միջամտությունից հրաժարվելը |
1. Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձն իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը` հնարավոր հետևանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում և հավաստվում պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կողմից:
3. Բժշկական միջամտությունից հրաժարվելու ձևաթուղթը հաստատում է լիազոր մարմինը:
Հոդված 26. | Մարդու (պացիենտի) պարտականությունները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս |
1. Յուրաքանչյուր ոք (պացիենտը) բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս պարտավոր է`
1) բուժաշխատողին տրամադրել իր առողջության, իսկ օրենսդրությամբ սահմանված` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով հիվանդանալու դեպքում` իր հետ շփված անձանց, ինչպես նաև նախկինում ստացած բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ իրեն հայտնի ամբողջական տեղեկատվությունը.
2) պահպանել բուժաշխատողի սահմանած բուժման ռեժիմը.
3) հարգել այլ պացիենտների և բուժաշխատողների իրավունքները: