May 25, 2022

Աշխարհագրություն – Շիրակի մարզ

Շիրակի մարզ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Տարածքը՝ 2681 քառ. կմ

Բնակչության թվաքանակը (01.01.2007 թ.)՝ 305 հազ. մարդ

Մարզկենտրոնը՝ Գյումրի քաղաք։

Քաղաքները՝ Արթիկ, Մարալիկ։

Գյուղական համայնքների թիվը՝ 116։

Աշխարհագրական դիրքը։ Շիրակի մարզը գտնվում է մեր հանրապետության հյուսիս¬արևմտյան վերջույթում։ Պետական սահմանների երկայնքով հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևմուտքից՝ Թուրքիային։ Արևելքից սահմանակից է Լոռու մարզին, իսկ հարավից՝ Արագածոտնի մարզին :

Հարևան մարզերի և մայրաքաղաքի հետ կապվում է հանրապետական նշանակության Երևան¬Աշտարակ¬Թալին¬Գյումրի, Երևան¬Արմավիր¬Քարակերտ¬Գյումրի ավտոխճուղիներով, ինչպես նաև Գյումրի¬Վանաձոր ավտոմայրուղով և գլխավոր երկաթուղով, որից ճյուղավորվում են Գյումրի¬Արթիկ¬Պեմզաշեն և Գյումրի¬Կարս (Թուրքիա) երկաթգծերը։ Չնայած եզրային տեղադիրքին, Շիրակի մարզն ունի հարմար տրանսպորտա¬աշխարհագրական դիրք, ներքին հաղորդակցության բարեկարգ ճանապարհների խիտ ցանց, որոնց մի հատվածն ունի ստրատեգիական նշանակություն։

Շիրակի մարզ

Բնական պայմանները – Մարզի տարածքին բնորոշ է բացարձակ բարձրությունների մեծ տարբերությունը, մակերևույթի թույլ մասնատվածությունը, ռելիեֆի հրաբխային ձևերի բազմազանությունը և տարածվածությունը, հնագույն սառցապատման հետքերի պահպանվածությունը։ Ամբողջությամբ ընդգրկված է Շիրակի ֆիզիկաաշխարհագրական շրջանի կազմում։ Ծայր հյուսիս¬արևմուտքում Եղնախաղի, իսկ հյուսիս¬արևելյան եզրում Ջավախքի հրաբխային լեռնավահաններն են, որոնց միջև տարածվում է Աշոցքի բարձրադիր սարահարթը։ Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը, որից սկիզբ է առնում մեր հանրապետության ամենաերկար գետը՝ Ախուրյանը։ Աշոցքի սարահարթից հարավ, Ախուրյանի հովտի երկայնքով և հյուսիսից դեպի հարավ աստիճանաբար լայնացող ուրվագծով տարածվում է Շիրակի դաշտը՝ Արարատյան դաշտից հետո մեր հանրապետության, մակերեսի մեծությամբ, երկրորդ սարահարթը։ Վերջինիս արևելյան սահմանների ուղղությամբ դասավորված են Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթայի, Շարայի հրաբխային կոնի (2475 մ) և Արագածի լեռնավահանի հյուսիս¬արևմտյան կողմնադրության լեռնալանջերը։

Շիրակի մարզի կլիման առանձնանում է ոչ միայն ցամաքայնությամբ, այլև բացառիկ խստությամբ։ Հիմնականում բնորոշ են բարեխառն և ցուրտ լեռնային կլիմայատիպերը, իսկ հարավ¬արևմուտքում՝ չոր ցամաքային կլիմայատիպը։ Ձմռանը օդի միջին ամսական ջերմաստիճանը հյուսիսից դեպի հարավ՝ -100 ից -5 0 է, առանձին օրերի գրանցվում են ձնաբքեր, -300 -ից -400 սառնամանիքներ։ Ամռանը նույն ուղղությամբ օդի միջին ամսական ջերմաստիճանը +150 -ից +230 է։ Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը տատանվում է 500-1000 մմ սահմաններում։ 

Գլխավոր գետային զարկերակը՝ Ախուրյանը, հոսում է լայն և խոր կիրճով, ընդունում է բազմաթիվ վտակներ (Մանթաշ, Գյումրիգետ, Ջաջուռ), որոնք ամռանը չորանում են։ Ախուրյանը հայտնի է Թուրքիայի հետ համատեղ շահագործվող նույնանուն ջրամբարով։ Ախուրյանից են սնվում Շիրակի և Թալինի ջրանցքները։ Գործում են նաև Կառնուտի, Մանթաշի, Սառնաղբյուրի, Հոռոմի ջրամբարները։

Հողային ծածկույթում մեծ տարածում ունեն լեռնային սևահողերը։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսատեսակները։ Շիրակի մարզի ընդերքի հարստությունների շարքում առանձնանում են գորշ ածխի (Ջաջուռ), տուֆի (Արթիկ), պեմզայի (Պեմզաշեն), կրաքարի և բազալտի հանքավայրերը, անուշահամ սառնորակ աղբյուրների և հանքային ջրերի ելքերը։ 

Բնակչությունը – Շիրակի մարզի բնակչության թվաքանակը և ազգային կազմը վերջին քսան տարում էապես փոփոխվել են՝ պայմանավորված 1988 թ.-ի երկրաշարժի հասցրած զոհերով ու ավերածություններով, ադրբեջանցիների արտագաղթով, տեղի հայ ազգաբնակչության զբաղվածության հիմնախնդրով։ Քաղաքային բնակավայրերը երեքն են. Գյումրի (202 հազ. բնակիչ, Երևանից հեռու է 127 կմ), Արթիկ, Մարալիկ։ Բնակչության ուրբանիզացման մակարդակը 73% է, միջին տարեկան բնական աճը՝ 0,26%։ Կանայք ավելի շատ են (51,7%), քան տղամարդիկ (48,3%)։ Շիրակի մարզում հաշվում են 128 գյուղեր։

Տնտեսությունը – Խորհրդային իշխանության տարիներին, Շիրակի մարզի ներկայիս սահմաններում տեղաբաշխված արդյունաբերական ձեռնարկություններն ապահովում էին մեր հանրապետության արդյունաբերական համախառն արտադրանքի ծավալի շուրջ 12%¬ը, իսկ այժմ՝ ընդամենը 2%¬ը։ Տնտեսության առաջատար համալիրը գյուղատնտեսությունն է, որին բաժին է ընկնում մարզի համախառն արտադրանքի 80%¬ը։ Առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Զբաղվում են հացահատիկային տնտեսությամբ, ճակնդեղի, կարտոֆիլի, կաղամբի և գազարի մշակությամբ։ Բուծում են կաթնամսատու խոշոր եղջերավոր անասուններ, կոպտաբուրդ ոչխար, խոզ, թռչուն։ Գյուղատնտեսական հողահանդակները (230 հազ. հա) կազմում են Շիրակի մարզի ընդհանուր մակերեսի 86%¬ը։ Արդյունաբերական համալիրին բնորոշ են շինանյութերի (տուֆ, պեմզա) արդյունահանումը, սարքաշինական, ապակյա տարաների, մանածագործական, կաթնամթերքների, խմիչքների արտադրությունները։ Նախատեսվում է մասնակիորեն վերականգնել Շիրակի մարզի տեքստիլ արդյունաբերության նախկին ձեռնարկությունների մի մասի համբավն ու հզորությունը։